- Կարդա Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։
2. Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։
Երախ – կենդանիների բերան, կլափ
Անձավ – լեռնային զանգվածի կամ գետնի մեջ գտնվող խոռոչ՝ դատարկ տարածություն՝ արտաքին բացվածքով, քարանձավ, այր
Քաջք – բարի կամ չար առասպելական ոգի
Շնալիր – շան ալյուր, ալյուրի տականք, որ շաղախում ու թխում են շների համար
Համկալ – եզների փոխանակությամբ վար անելու ընկերակից, փոխնակ
Փարախ – ոչխարների հանգստանալու տեղ
3. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից։
4. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն իր մենակությունից դժգոհ է։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,
Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։
Այս հատվածից երևում է, որ Սաքոն դժգոհ է, որ իր ընկերն իրեն մենակ է թողել:
5. Գտիր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրու դրանցում եղած նկարագրությունները։
Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Այս հատվածում Սաքոն հիշում է իր տատի պատմած զրույց-առասպելները, որը պատմում է, թե ինչպես են թուրք կանայք մոլորեցնում մարդկանց:
6. Հիշիր ուրիշ առասպելներ, որտեղ կնոջ կերպարով ոգիները մոլորեցնում են մարդկանց ու կործանում։
Կա նաև այսպիսի մի առասպել սիրենների մասին, ովքեր ջրահարսի կերպարանք ընդունելով էին մոլորեցնում մարդկանց և կործանում:
7. Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը.
ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.
բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.
գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր։
Հիմնավորիր պատասխանդ։
Ես կարծում եմ, որ պատճառը նրա հոգեպես թույլ լինելն էր այդ պահին, քանի որ նա հաստատ այլ ժամանակ իր տատի պատմածները հիշելուց դժվար այսպես խելագարվեր: Այդ պահին նա մենակ էր, մթության մեջ, ընկճվածէր, որ ընկերն իրեն մենակ է թողել, և նա մտածելով այս ամենի մասին, տարվեց դրանով, սկսեց տեսիլքներ տեսնել և արդյունքում խելագարվեց: Առհասարակ, երբ մարդ հոգեպես թույլ և ընկճված վիճակում է նրան խոցելը շատ հեշտ է:
8. Շարադրանք գրիր չարքերի և մեր՝ դրանց նկատմամբ պաշտպանված կամ անպաշտպան լինելու մասին։ Եզրակացություն արա՝ ի՞նչ են իրենցից ներկայացնում «չարքերը», ինչպե՞ս կարելի է դրանց վատ ազդեցությունից խուսափել։
Չարքերն իրենցից ներկայացնում երևույթներ, որոնք կարող են մարդկանց մոլորեցնել և կործանել: Դրանց վատ ազդեցությունից խուսափելու կարծում եմ մեկ միջոց կա, պարզապես չհավատալ և չտարվել դրանցով:
9. Կարդա նաև Էդգալ Ալան Պոյի «Ագռավը» բանաստեղծությունը։ Համեմատիր՝
– ոգիները, երբ են հայտնվում ստեղծագործություններից յուրաքանչյուրում:
Ոգիները հայտնվում են երկու ստեղծագործություններում էլ, երբ հերոսները մնում են մենակ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:
– ինչպե՞ս են վերաբերվում դրանց հերոսներից յուրաքանչյուրը։
Ի տարբերություն Լոռեցի Սաքոյի այս հերոսը չի սարսափում իր տեսիլքից, ինչպես ես հասկացա նա ոչ թե սարսափում, այլ ընդհակառակը զրուցում էր իր հետ:
10. Ոգիներից՝ կերպարների տարբեր կերպ ազդվելը պատճառաբանիր։
Ինձ թվում է պատճառն այն է, որ լոռեցի Սաքոն շատ ընկճված էր, այդ պատճառով էլ նա սկսեց վախենալ, միջավայրն էլ տրամադրում էր դրան, իսկ մյուս հերոսը իր պատկերացրած ոգուց ոչ թե վախենում էր, այլ նրա հետ զրուցում, ինչ-որ բան պահանջում: Երևի յուրաքանչյուրն այլ հոգեվիճակում էր այդ պահին, այդ պատճառով էլ տարբեր կերպ ազդվեցին:
11. Տեղեկություններ գտիր սարսափի ժանրի մասին, ըստ քեզ՝ ինչն է այդ ժանրում գրավում մարդկանց (ում որ գրավում է)։
Սարսափը նախատեսված է ընթերցողներին վախեցնելու, զզվանք առաջացնելու, զարմացնելու համար, ստիպելով նրանց զգալ վախ ու սարսափ։ Գրականության պատմաբան Ջոն Էնթոնի Կուդդոնը սահմանել է սարսափ ֆիլմը որպես` «Փոփոխական ծավալով գեղարվեստական արձակի տեսակ, ինչը ապշեցնում, կամ անգամ վախեցնում է ընթերցողին, կամ գուցե ստիպում է զգալ ցնցում ու զզվանք»։ Դա ծայրահեղ սարսափելի միջավայր է ստեղծում։ Սարսափը հաճախ գերբնական է, սակայն կարող է լինել ոչ գերբնական։ Ինձ թվում է, որ սարսափ ժանրի մեջ մարդկանց գրավում է հենց այդ վախը, որը նրանք զգում են:
12. Շարադրանք գրիր՝ «Վախերն ու անհատականությունը» թեմայով։
Մեր վախերը մեր արտացոլանքն են: Իրականում բոլոր մարդիկ էլ ունեն վախեր, ինչքան էլ, որ հերքեն: Պետք է թույլ չտալ, որ վախերը մեզ կործանեն: Անհատականությունը պետք է պայքարի և հաղթահարի այն վախերը, որոնք նրան խանգարում և հետապնդում են: Մարդու հոգեվիճակից է կախված, թե նա ինչ վախեր ունի, և որոնք կարող են նրան կործանել:

