- Կրասոսի արշավանքը
Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:
Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր: Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:
- Անտոնիոսի արշավանքը /բանավոր, դասագիրք, էջ 108-114, նաև այլ աղբյուրներ/.
Պարթևների և հայերի հայտնվելը Միջերկրական ծովի ափերին սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների: Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին: Կռիվների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը: Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը՝ Պարթևստանում սկսված գահակալական պայքարի պատճառով: Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը: Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը: Ք.ա. 38-37 թթ. Անտոնիոսը դեպի Պարթևստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց: Այս անգամ արշավանքի երթուղին անցնելու էր Հայաստանով: Ուստի հռոմեացիներին անհրաժեշտ էր ձեռք բերել Հայաստանի դաշնակցությունը: Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև: Ստեղծված ծանր պայմաններում Արտավազդն ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին: Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11 -հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Հայաստանի տարածքով: