Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919թ.
Վերլուծություն
Չարենցն իմ սիրելի բանաստեղծներից մեկն է, իսկ սա իմ սիրելի բանաստեղծությունը…Այս բանաստեղծության մեջ Չարենցը գրում է իր ծննդավայր Կարսի մասին: Ասում է, որ թողել է իր հայրենի տունը, և հիմա թափառում է օտարության մեջ: Նրան ոչ ոք չի հասկանում, ու մարդիկ այնքան սառնասիրտ են նրա հետ վարվում, որ բանաստեղծը նրանց բնութագրելով ասում է որ մարդկանց դեմքերը կարծես շինված լինեն տապարով: Չարենցը իր կյանքն է նկարագրում տխրությամբ, ասում է որ գորշ, տաղտկալի ու խելագար է իր կյանքը: Բանաստեղծը անգամ ապաշխարհում է իր գործած մեղքերի համար և ասում է որ իր սիրտը ունի ներում… բանաստեղծության վերջին տան մեջ Չարենցը հիշատակում է նաև իր սիրած աղջկան`Կարինե Քոթանճյանին, և դիմում է մարդկանց ասելով , եթե Կարսի փողոցներում տեսնեն իր սիրած աղջկան, թող փոխանցեն որ Չարենցն ասել է նրան «մնաս բարով»: