
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարևեր —
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
Դանիել Վարուժան
Վերլուծություն
Բանաստեղծության ընթացքում գրողը նստած իր եղեգնյա գրչով գրում էր և ամեն քառատողից հետո ասում էր, թե իր եղեգնյա գրչից ինչ է առկայծում: Առաջին տան մեջ փողից լույս է դուրս գալիս, քանի որ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, որ նրանք այնքան թանկ են իր համար և հնության մեջ երևում են լույսի միջից:
Երկրորդ տան մեջ գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսերի մասին: Ու այս անգամ փողից ողբ է դուրս գալիս, քանի որ հարսերը մնում են մենակ և մեծացնում իրենց երեխաներին:
Երրորդ տան մեջ նշում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են հազարավոր մարդկանց ու մանուկներին ցավից ու իրենց ազատությունը շնորհում նրանց: Մեծ ցավով էր գրում այս ամենը Դանիել Վարուժանը, ինչպես ինքն է ասում երրորդ քառյակի մեջ՝ «Եղեգնյա գրչից սիրտս է ելնում»:
Չորրորդ տան մեջ եղեգնյա գրչով իր տունն է երգում, ալեհեր հորը, մորը և եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն տան մեջ կյանք է տեսնում, ծուխ է դուրս գալիս երդիկից և ապրում է մի հայ համերաշխ ընտանիք:
Իսկ ամենավերջին տնում կարծես եղեգնյա գրիչը ուժ է առնում ու տալիս մարտիկներին կոչ անելով «պայքա՜ր »: Ու այդ ընթացքում եղեգնյա գրչից բոց է դուրս գալիս լսվող պայքարներից…
